Նորություններ
Տպել

 Բերքի տոն Ստեփանակերտում

 

 

Այսօր մեր Արցախ աշխարհի համար մեծ նշանակություն ունի պարենային անվտանգության ապահովումն այն առումով, որ դեռ գտնվում ենք պատերազմական շրջանում, իսկ աշխարհաքաղաքական իրավիճակն առավել է պարտադրում: Եվ պետք է արժանին մատուցել հաց ու բարիք ստեղծող, արարող մեր ժողովրդին: Այս նպատակով յուրաքանչյուր տարի՝ հոկտեմբերինմայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպվում է Բերքի տոն:

Այս անգամ գեղեցիկ միջոցառումը կայացավ հոկտեմբերի 11-ին՝ Վերածննդի հրապարակում: Բազմաթիվ գեղեցիկ ու սպիտակ տաղավարները տրամադրվել էին հանրապետության բոլոր շրջանների բարիք ստեղծողներին, ովքեր շուկայականից ցածր գներով վաճառում էին գյուղատնտեսական տարբեր տեսակի ապրանք: Իրենց արտադրանքն էին ներկայացրել նաև հանրապետությունում գործող գյուղմթերք արտադրող պետական ու մասնավոր ընկերությունները և անհատ ձեռներեցները:

Օրվա առաջին կեսին տոնավաճառ այցելեց նախագահ Բակո Սահակյանը՝ Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, վարչապետ Արայիկ Հարությունյանի, այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ: Պարգև Սրբազանն օրհնեց հայրենի հողի մշակի արտադրած բերքն ու բարիքը, մաղթեց առատություն, հայ զինվորին՝ տոկունություն, մեր ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում:Բակո Սահակյանը շրջեց տոնավաճառում, զրուցեց բարիք ստեղծողների հետ, հետաքրքրվեց խնդիրներով:

ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արա Մխոյանն իր ելույթում նշեց, որ այս տարի ավելացել է ներկայացվող արցախյան բերք ու բարիքի և գյուղատնտեսական մթերքի տեսականին և քանակը. «Ցուցահանդես-տոնավաճառում ներկայացված են հանրապետության բոլոր շրջաններից մոտ 200 համայնքներ: Մեր կողմից ֆինանսավորվել են տրանսպորտային բոլոր ծախսերը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի տնտեսվարողները մթերքները վաճառեն շուկայականից ցածր գներով»:

Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանի խոսքերով՝ այս տարի շրջանը տոնավաճառին նախատեսված 206-ի փոխարեն ներկայացել է 300 ավտոմեքենայով՝ բերելով ավելի քան 50 ապրանքատեսակ: Տոնավաճառին մասնակցում են շրջանի բոլոր 54 համայնքները

Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանը կարևորեց տոնավաճառի նախաձեռնությունը և նշեց, որ իրենց շրջանը ներկայացել է բոլոր համայնքներով՝ յուրաքանչյուրից 7-8 ընտանիք: Հերոսական Քարին տակի համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ ներկայացել են 4 մեքենայով, բերել են մեղր և բանջարեղեն: Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ իրենց շրջանից տոնավաճառին մասնակցում են 13 համայնք՝ 42 մեքենայով: Ասկերանի շրջանից բացի բոլոր համայնքներից տոնավաճառին մասնակցում էին նաև շրջանում գործող գյուղատնտեսական ձեռնարկություններըՄարտունու շրջանի Սարգսաշենում գործող «Ոսկե կաթիլ» ընկերությունը ներկայացրել էր կտավատի, հլածուկի և արևածազիկի ձեթ, որոնց հումքի հիմնական մասը նույնպես արտադրվում է ընկերության կողմից և էկոլոգիապես մաքուր է«Ասմարյան եղբայրներ» ՍՊԸ-ն գտնվում է Ասկերանի շրջանի Բերքաբեր գյուղում, զբաղվում է տարբեր մրգատեսակների արտադրությամբ: Եղբայրները 5 տարի առաջ են եկել Սիրիայից՝ բերելով ծառատեսակներ: ՍՊԸ տնօրեն Վրեժ Ասմարյանը նշեց, որ ցիտրուսային ծառերն աճում են փակ պայմաններում, իսկ մնացածը, այդ թվում նաև ձիթենի, դրսում:

Բացի տաղավարների ու բերքի առատությունից՝ Քաշաթաղի շրջանը ներկայացել էր նաև հյուրասիրությամբ և գեղեցիկ ցուցադրական տաղավարով, որի մոտով քչերն անտարբեր անցան: Շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի ուղեկցությամբ տաղավարին մոտեցան «ԱՐԻ» ծրագրի ներկայացուցիչները: Մասիս Ալեքսանդրյանն ու Բենիամին Բչաքջյանը ոգևորված էին ու ուրախ՝ տեսնելով նման իրադարձություն: «Շատ կարևոր միջոցառում է, ժողովրդի մի մասը կարողացել է վաճառքի հանել իր արտադրանքը, իսկ գնորդներն էլ համեմատաբար էժան և ամենակարևորը էկոլոգիապես մաքու սնունդ են գնում»,-ասաց Մասիսը՝ հավելելով, որ աշխարհի ոչ մի երկրում չկա նման անմիջական կապ երկրի ղեկավարության ու բնակչության միջև, ինչպիսին Արցախում է:

Օրվա ընթացքում հրապարակում հանդես եկան նաև հանրապետության շրջանների մշակութային խմբերն ու անհատները

 

Զոհրաբ Ըռքոյան

 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք Հեռ.` + 37410 55 42 82

Էլ-փոստ` info@karabakhcenter.com
© ԵՊՀ