Նորություններ
Տպել

 «Արտալղիմյան հողեր» կամ ինչո՞ւ չի կարելի տարածքներ հանձնել

 


 

 

 

 

 

 

 

Հարգելի՛ ընթերցող, Ձեզ ենք ներկայացնում արտալղիմյան հողերի, դրանցնշանակության և հավանական կորստյան մասին հարցազրույցը ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի աշխատակից Էդգար Էլբակյանի հետ՝ հրապարակված կենտրոնի կայքէջում՝ armcsr.com։ 

 

ARMCSR – Ողջո՜ւյն, հարգելի՛ Էդգար Էլբակյան: Կմանրամասնե՞ք, խնդրեմ, ինչ ասել է «արտալղիմյան հողեր»։

Էդգար Էլբակյան – Ողջո՜ւյն։ Խոսքը Հայաստանի այն շրջանների մասին է, որոնք ԽՍՀՄ տարիներին չէին մտնում Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) սահմանների մեջ, այլ ուղղակիորեն հենց Խորհրդային Ադրբեջանի մաս էին, և սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ամբողջությամբ ադրբեջանաբնակ կամ մասամբ քրդաբնակ էին։ Հայկական գյուղեր այդ շրջաններում համարյա՝ չէին մնացել։ Խոսքը Քելբաջարի, Լաչինի, Գուբադլըի (Ղուբաթլու), Զենգիլանի, Ջեբրայըլի շրջանների և Ֆիզուլու ու Աղդամի շրջանների արևմտյան հատվածների մասին է։ Ի դեպ, դրանցից Քելբաջարի, Լաչինի, Գուբադլըի և Զենգիլանի շրջանները գտնվում էին ՀԽՍՀ և ԼՂԻՄ միջև և սեպի պես բաժանում էին այն ժամանակվա Արցախը Մայր Հայրենիքից։ Դրանք բոլորն ազատագրվել են 1993թ. և պահպանվել 1993-1994թթ. ձմեռային և գարնանային ռազմագործողությունների ժամանակ. Քարվաճառը՝ ապրիլի 1-4, Ակնան՝ հուլիսի 23, Վարանդան և Մեխակավանը՝ օգոստոսի 22-23, Որոտանը՝ օգոստոսի 31-ին, Բերձորի շրջանն ամբողջությամբ՝ Քարվաճառի և Որոտանի հետ միասին՝ 1992-1993թթ., Կովսականը՝ հոկտեմբերի 23-նոյեմբեր 1։

ARMCSR – Նախքան առաջ անցնելը կպարզաբանե՞ք, թե ինչու եք նախընտրում կիրառել «արտալղիմյան հողեր» եզրույթը, այն դեպքում, երբ ընդունված է ասել «ազատագրված տարածքներ»։

Էդգար Էլբակյան – Բանն այն է, որ «ազատագրված տարածքներ» ասվածն ամուլ եզրույթ է։ Այն պարզապես հայ քաղաքագիտական երիտասարդ մտքի արձագանքն է օտարների հնարած և որպես թշնամական ընկալվող «գրավյալ տարածքներ» (“occupied territories”) եզրույթին։ Խորքային իմաստ եզրույթը չունի, քանզի չի արտահայտում այն միտքը, որ պետք է։ Նախ՝ ազատագրված է ամբողջ Արցախը։ Արդյոք Շուշին ու Մարտակերտը, Իվանյանն ու Վարանդան (նախկին Ղարադաղլը գյուղը), որ ԼՂԻՄ սահմանների մեջ էին, ազատագրվա՞ծ չեն։ Իհարկե, ազատագրված են։ Երկրորդ՝ ծայրահեղ անընդունելի եմ համարում Հայրենիքի այս կամ այն հատվածն անվանել «տարածք», քանզի «տարածքը» վերացական ստորոգած է՝ հարազատություն չարտահայտող, որը, այո՛, նաև կարող է սակարկման առարկա հանդիսանալ և զիջվել ու օտարվել։ Եվ ըստ իս՝ ճիշտ է կիրառել «նախկին ԼՂԻՄ սահմանների մեջ չմտնող նախկին Խորհրդային Ադրբեջանի այն շրջանները, որ ներկայումս Հայաստանի արցախյան մասն են» կամ կարճ՝ «արտալղիմյան հողեր» պայմանական եզրույթները։

ARMCSR – Իսկ ո՞րն է այդ շրջանների հետ կապված հիմնախնդիրը: Համառոտ կներկայացնե՞ք։

Էդգար Էլբակյան – Խնդիրն այն է, որ, ինչպես նշեցի, ժամանակին դրանք չեն մտել ԼՂԻՄ կազմի մեջ, և ԼՂՀ անկախության հռչակման ժամանակ նույնպես տակավին Ադրբեջանի մաս էին։ Դրանք բոլորը (ներառյալ ԼՂԻՄ սահմանների մեջ մտնող շատ այլ օտարաբնակ բնակավայրեր, այդ թվում՝ Շուշին), որպես այդպիսին՝ ազատագրվել են ռազմական-անվտանգային նկատառումներից ելնելով, քանի որ այդ բոլոր տարածքներն Ադրբեջանը որպես կրակակետ օգտագործում էր թե՛ ԼՂԻՄ-ի և հատկապես՝ Ստեփանակերտի վրա հարձակումների համար, թե՛ նախկին ՀԽՍՀ տարածքի դեմ ոտնձգություններ իրականացնելիս։ Մեր այն ժամանակվա վերնախավը հայ քաղաքական և պետականաշինական մտքի տկարության պատճառով՝ այլ պատճառաբանություն չգտավ, քան հայտարերելու այդ շրջանների ազատագրումը՝ որպես «անվտանգության գոտու» ապահովում, որը, ցավոք, հրամցվեց ոչ միայն արտաքին աշխարհին (ինչը կարելի էր ընդունելի համարել դիվանագիտական նկատառումներից ելնելով), այլև սեփական ժողովրդին։ Ես նույնիսկ հիշում եմ Շուշիի ազատագրմանը նվիրված վավերագրական մի ֆիլմ, որտեղ Սերժ Սարգսյանը բառացիորեն ասում է՝ «մենք պարտադրված էինք Շուշին գրավել…»։ Ինչ վերաբերում է այդ տարածքների նախկին բնակչությանը, ապա վերջիններս, բնականաբար, ազատ անցման հնարավորություն ստացան և այս կամ այն կերպով դուրս եկան Հայաստանի հողերից և հաստատվեցին Ադրբեջանում, որտեղից վերջիններիս մի զգալի մասը արտագաղթեց Ռուսաստան։
Եվ ահա ներկայումս բանակցային սեղանին քննարկվում է այս յոթ շրջանների այսպես կոչված «վերադարձի» հարցը, որոնք իբր խաղաղության վերջնական պայմանագրի կնքմամբ պետք է վերադառնան Ադրբեջանի իրավասության տակ (բացառությամբ՝ Բերձորի ինչ-որ մի հատվածի), իսկ բնակիչների անվտանգությունը պետք է վստահվի միջազգային խաղաղապահներին։ Ասել է թե՝ այսքան տարիների ընթացքում բանակցային սեղանին մենք չենք կարողացել ազատվել «ԼՂԻՄ-ի ուրվականից», և թեպետ բանակցային փաստաթղթերում ուղղակիորեն չի նշվում «ԼՂԻՄ», այլ գրվում է «Լեռնային Ղարաբաղ», սակայն իմացե՛ք, որ դա նույն ԼՂԻՄ տարածքն է, քանզի միևնույն փաստաթղթերում շրջանառվում է նաև «Լեռնային Ղարաբաղին հարակից շրջաններ» եզրույթը։

ARMCSR – Դուք պնդում եք, որ արտալղիմյան հողերը չի կարելի զիջել Ադրբեջանին։ Չեք կարծո՞ւմ, որ այդ դեպքում հարցի լուծումը կարող է ձգձգվել կամ տեղի չունենալ, և ըստ այնմ՝ ո՞րն է Ձեր պնդման հիմնավարումը։

Էդգար Էլբակյան– Ցավում եմ, որ 2015 թվականի դրությամբ երկու հայաստանցի, երկու հայ մարդ ստիպված են այս հարթության վրա զրույց վարել։  Բանն այն է, որ հայ ազգի, հայոց պետության համար հող հանձնելը պետք է առհասարակ ու մեկընդմի՛շտ բացառված լինեն մեր ռազմավարական օրակարգից, ավելին՝ մենք պարտավոր ենք դողալ ամեն մեկ թիզ հողի վրա, որքան էլ, որ այս արտահայտությունը հուզական ու շատերի համար հեգնանքի արժանի է հնչում։ Ցավոք, սակայն, հողի սրբազնագույն էության և ռազմավարական արժեքի մտակաղապարը բույն չի դրել հայ ազգի քաղաքագիտական մտքի հարացույցում, անգամ՝ Մեծ Եղեռնի պես աղետից հետո, ուստի և հիմա ստիպված ենք հիմնավորել, թե ինչու չի կարելի հող հանձնել։ Ինչևէ…
Նախ և առաջ՝ արտալղիմյան հողերի հանձնումը չի բերելու այն դրական և ցանկալի հետևանքներին, որոնք ակնկալվում են, այսինքն՝ ո՛չ Լեռնային Ղարաբաղին կարգավիճակի շնորհմանը, և ո՛չ էլ տևական խաղաղության հաստատմանը։ Բավական է մեկ շաբաթ հետևել ադրբեջանական մամուլին, Իլհամ Ալիևի հայտարարություններին և ակտիվ ադրբեջանցի ցանցաբնակների գրառումներին, ինչպես նաև ռազմաճակատում տեղի ունեցող մարտական գործողություններին, և կհամոզվեք, որ Ադրբեջանը երբեք չի համաձայնի ինքնավարությունից բարձր (դրան էլ եմ կասկածում) որևէ այլ կարգավիճակի շնորհման, իսկ որևէ տարածք ձեռք բերելուց հետո, անկասկած, կանցնի նոր հարձակման։ Ինչպես մեզ համար Սյունիքն ու Արցախն են միևնույն ենթաերկրաքաղաքական հարթության մեջ, այնպես էլ ադրբեջանցիներն այդ շրջանն անվանում են «Զենգեզուր-Գարաբաղի» շրջան և համարում են իրենց հայրենիքը, ընդհուպ մինչև՝ Երևան քաղաքը, ինչպես բոլորիս լավ հայտնի է։ Այնպես որ անգամ մեկ բլուրի զիջումը կհանգեցնի մեզ համար նոր ու արդեն անբարենպաստ դիրքերից վերսկսվող նոր լայնածավալ պատերազմի, քանզի այդպիսին է արցախյան տեղագրությունը։

ARMCSR – Բայց չէ՞ որ նախատեսվում է նաև միջազգային խաղաղապահների տեղակայում հակամարտության գոտում։

Էդգար Էլբակյան – Ինչ վերաբերում է միջազգային խաղաղապահներին, ապա դա հեքիաթների ժանրից է։ Խնդրում ներգրավված ոչ մի աշխարհաքաղաքական դերակատար (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա(-ԵՄ)՝ ակտիվ, Իրան, որոշ մասով՝ Թուրքիա՝ պասիվ) չեն հանդուրժի մեկ այլ զինական ուժի ներկայություն այս տարածաշրջանում, թեպետ և դա ի սկզբանե լրջագույն կասկածի տակ է, քանզի կապված է մեծ ծախսերի հետ, և ներկայումս ոչ մի երկիր պատրաստ չէ իր հարկատուներից ստացված գումարներով Արցախի «խուլ» վայրերում խաղաղապահ տեղակայել, ինչ է թե հայն ու ադրբեջանցին «իրար չուտեն»։ Ի դեպ, հարկ է նշել, որ վերջին տասնամյակներում միջազգային խաղաղապահները բավականին արժեզրկել են իրենց կոչումը՝ ներգրավվելով գտնվելու երկրներում տարբեր տեսակի օրինազանցությունների մեջ։ Կարծում եմ՝ այս և տրամաբանորեն ենթադրվող այլ պատճառներով, առաջին հերթին հենց Հայաստանի ժողովուրդը պիտի դեմ լինի այս պայմանին։

ARMCSR – Դուք նշեցիք մեկ հիմնական պատճառ, թե ինչու չի կարելի հանձնել արտալղիմյան հողերը, և առաջացավ հարց՝ արդյոք դա՞ է հիմնական պատճառը և Ձեր հիմնավորման կռվանը, և ի՞նչ կհակադարձեք այն պնդմանը, որ այդ շրջաններն ազատագրվել են հենց բանակցային գործընթացում ավելի ուժեղ դիրքի և ԼՂ անկախությունը ճանաչել տալու համար։

Էդգար Էլբակյան – Անշուշտ, դա չէ հիմնական պատճառը, դա ավելի շուտ իմ հակադարձումն է այն մարդկանց կեղծ թեզերին, ովքեր կարծում են, որ հանձնումը կբերի դրական հետևանքների։ Ինչ վերաբերում է Ձեր բուն հարցերին, ապա այո՛, ցավով պետք է արձանագրենք, որ ժամանակին ռազմադաշտային հրամանատարության հաշվարկները հիմնվում էին հենց այդ մտայնության վրա, որ «գրավում ենք անկախության ճանաչման համար», և երբ ծանոթանում ենք պատերազմի տարեգրությանը, հասկանում ենք, որ թերևս Շուշիից և Բերձորից բացի՝ մնացյալ բոլոր հողերի ազատագրումը թե՛ զորքի, թե՛ ժողովրդի շրջանում հիմնականում ընկալվել է՝ որպես օտար հողի գրավում։ Ցավոք, «դրսերի» համար մատուցվող «անվտանգության գոտի», «մարդասիրական միջանցք» և մնացյալ դատարկաբանություններին հավատաց նաև Հայաստանի մեծ մասը, և այժմ շատ դժվար է ժողովրդի շրջանից հանել այդ մտակաղապարը։ Թերևս, կհիշեք, որ մինչև 2000-ականների առաջին կեսը նույնիսկ շատ դժվար էր գտնել այսպես կոչված ճիշտ քարտեզ, ամենուր ՀԽՍՀ և ԼՂԻՄ ուրվագծերով հին, անպետք քարտեզներն էին։ Խորհրդանշական առումով կարող ենք ասել, որ արտալղիմյան հողերի «հայացման» առաջին քարոզն արել է Մոնթե Մելքոնյանը, երբ Քարվաճառ-Գանձակ խաչմերուկի ազատագրումից հետո իր հայտնի ելույթում ասաց, որ «անշուշտ, ասիկա պատմական Հայաստան է, այն կամայական սահմանները, որ գծեցին 1921 թուականին, ոչ մէկ կապ ունին իրականութեան հետ, եւ մենք պիտի վերահաստատենք իրականութիւնը մեր զէնքերով»։
Ինչևէ, անկախ այն բանից, թե ինչ մտայնությամբ են ժամանակին ազատագրվել այդ հողերը, փաստն այն է, որ դրանք ազատագրված են, և սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Սարդարապատից հետո սա հայ ազգի հերթական մեծ հաղթանակն էր, ըստ որում ի տարբերություն Սարդարապատի՝ առաջանցիկ հաղթանակը, և ոչ թե միայն գոյության պահպանումը, ուստի առավել քան պարտավոր ենք հարգել և պահպանել։

ARMCSR – Ի՞նչ պատճառներ կնշեք, որով կհիմնավորեք Ձեր խոսքը, որ պետք չէ հանձնել արտալղիմյան հողերը։

Էդգար Էլբակյան – Պատասխանս դյուրընկալելի դարձնելու համար պատճառները դասակարգեմ՝ ըստ բովանդակային խմբերի՝

v  անվտանգային գործոն – ուզենք թե ոչ, արտալղիմյան հողերի կարևորությունը Արցախ-Սյունիքի, ասել է թե՝ ամբողջ Հայաստանի համար շատ մեծ է, և պատահական չէ, որ հենց այս մտայնությամբ են դրանք ժամանակին ազատագրվել: Մի անգամ առիթ եմ ունեցել՝ գրելու, որ «Հայաստանը, ժառանգելով ՀԽՍՀ թողած ժառանգությունը, ներառյալ՝ քաղաքական սահմանները, հայտնվեց լրջագույն անվտանգային հիմնախնդրի առջև։ Խնդիրն այն էր, որ Նախիջևանի և Ղարաբաղի պատկանելության ապօրինի վճռահատության հետևանքով արաքսյան ենթաերկրաքաղաքական շրջանի երրորդ առանցքային բաղադրիչը՝ Սյունիքը, կարող էր կորցնել իր ռազմավարական խորությունը՝ հայտնվելով թշնամական ուժերի հարձակման կիզակետում։ Վտանգն ավելի առարկայական և շոշափելի էր դառնում Արցախում ընթացող ռազմական գործողությունների հետնապատկերին։ Ակնհայտ էր, որ պարտությունը Ղարաբաղում մահվան սպառնալիքի առջև էր կանգնեցնելու Զանգեզուրը և առհասարակ Հայաստան աշխարհի գոյությունը»։ Սա ընդհանուր առմամբ։ Իսկ եթե կոնկրետացնենք առանձին հողերի կարևորությունը, ապա պետք է ասենք, որ մերձարաքսյան ազատագրված շրջանը՝ Կովսականից մինչև Վարանդա, ապահովում է Սյունիքի, Մարտունու և Հադրութի անվտանգությունը, ինչպես նաև հենց այդ հողերում ներկայումս ապրող ՀՀ քաղաքացիների գոյությունը։ Ազատագրված Ակնան ապահով գոյության հնարավորություն է տալիս Մարտունուն, Մարտակերտին, Ասկերանին և Ստեփանակերտին։ Հաճախ եմ ստիպված լինում կրկնել, որ Ակնայից կարելի է պարսատիկով հարվածել Ասկերանին։ Ինչ վերաբերում է Քարվաճառի և Բերձորի շրջաններին, ապա վերջիններիս անվտանգային դերակատարման մասին խոսելն անգամ ավելորդ է. բավական է նայել քարտեզին։
v  ռազմագիտական դիտանկյուն – ինչպես վերը առիթ ունեցա նշելու, անգամ մեկ բլրի հանձնումը մեզ համար կարող է աղետալի լինել, էլ չասեմ ամբողջ արտալղիմյան հողերի դեպքում։ Ըստ այդմ՝ շարունակելով անվտանգային գործոնի քննարկումը, ցանկանում եմ նշել, որ արտալղիմյան հողերի հանձնումը կարող է նվազը 500 կմ-ով երկարացնել հայ և ադրբեջանական զորքերի շփման գիծը, որը, եթե հաշվի առնենք արցախյան տեղանքը ո՛չ որևէ խաղաղապահ կարող է հսկել (այդ մասին վերը ասացի), ո՛չ էլ իմ կարծիքով՝ ներկայիս ՀՀ ԶՈՒ։ Այսպես թե այնպես, պատերազմն անխուսափելի է լինելու։
v  ազգային-ռազմավարական գործոնը – այսօր շատ հաճախ երևանյան «բարձրաշխարհիկ» հասարակությունը, այդ թվում՝ իշխող վերնախավի զգալի մասը, դժվարություններ ունեն հասկանալու, որ ֆիզիկական առումով իրենց 100 կմ-ից էլ նվազ հեռավորություն է բաժանում հայ-թուրքական գծից, և 120-300 կմ՝ հայ-ադրբեջանական գծից։ Չափավոր վտանգի և զգուշավարության զգացումը մեռել է մեզանում։ Ավելին, լայն զանգվածների, այդ թվում՝ իշխող վերնախավի զգալի մասի մոտ, չկա այն ռազմավարական գիտակցությունը, որ արցախյան հաղթանակը նշանակալի է այն առումով, որ վերահաստատել է Հայկական լեռնաշխարհում-Հայոց հայրենիքում հայերիս անկախ և ինքնորեն ապրելու իրավունքը, և վերահաստատել է հայի արյա՛մբ, այլ ոչ չգո որևէ «թղթով» կամ «61-րդ հոդվածով»։ Ցավոք, ոչ միայն չկա այս գիտակցումը, այլև առաջ է տարվում տրամագծորեն հակառակ, հողի ռազմավարական նշանակությունը ժխտող «պետության վախճանի» մասին հակագիտական թեզը։ Մինչդեռ հողի ռազմավարական նշանակությունն առկա է այնքան ժամանակ, քանի դեռ մարդը՝ որպես ֆիզիկական մարմին, զբաղեցնում է որոշակի տարածություն, ունի անվտանգության պահանջմունք, և քանի դեռ հողից են աճում ծառն ու ծաղիկը։ Արցախի ազատագրման շնորհիվ՝ կարելի է ասել, որ այսօր ունենք համահայկական պետություն Հայկական լեռնաշխարհի այս փոքր հատվածում՝ բացառությամբ հայկական-հայաբնակ Ջավախքի։ Այլ հարց է, թե որոնք են այդ պետության սահմանները՝ անձուկ են, թե լայն: Կարևորը՝ գիտակցումն է, որ անցումը տեղի է ունենում փոքրից դեպի մեծը, ոչինչ միանգամից չի տրվում։ Անձամբ իմ պատկերացմամբ հայ ազգի գերագույն նպատակը Հայկական լեռնաշխարհում հայաստանյան ազգային-քաղաքակրթական ինքնության և հանրակարգերի հաստատումն ու կատարելագործումն է, ինչպես նաև Հայաստանի շահերին առնչվող պետությունների, կազմավորումների, այլևայլ գործընթացների և Երկիր մոլորակի ուղղորդված զարգացումը՝ հօգուտ Հայաստանի։ Որքան էլ այս սահմանումը «մեծաբերան» հնչի, միշտ պետք է հիշենք, որ ապագան միայն նպատակավոր ազգերինն է, քանզի նպատակն ինքնին առաջ շարժվելու խթան է։ Իսկ եթե առաջ չշարժվես, հետ ես գնալու, դադարի վիճակ չկա Տիեզերքում։ Չի կարելի գերագույն ռազմավարական նպատակ սահմանել ինչ-որ կարճաժամկետ բան, դիցուք՝ որևէ ինտեգրացիոն կազմավորման անդամ դառնալը, տնտեսության ինչ-որ մի ոլորտի զարգացումը, և առավել ևս չի կարելի Արցախի հարցը ազգային-ռազմավարական մակարդակից իջեցնել և հասցնել «ինչ-որ տարածքում կոմպակտ բնակվող ինչ-որ հայերի ինչ-որ ինքնորոշման իրավունքի և ինչ-որ կարգավիճակի ճանաչման հարցի»։
v  տնտեսական – Այսօր Արցախն իր տնտեսական համակարգով ամբողջությամբ ինտեգրված է ամբողջ Հայաստանին։ Արտալղիմյան որևէ հողի հանձնում կարող է հավասարապես կաթվածի ենթարկել Հայաստանի հաղորդակցային, էներգետիկ, ջրային և բնապահպանական անվտանգությունը։ Մի՛ ծուլացեք և ուսումնասիրեք թեկուզ միայն Քաշաթաղի շրջանի գետային համակարգը, որը կազմում է Հայաստանի ընդհանուր ջրային պաշարների պատկառելի մասը։ Մերձարաքսյան շրջաններն իրենց հերթին երկրորդ «Արարատյան դաշտ» են, և եթե կամք ցուցաբերենք՝ յուրացնելու այդ շրջանները, ապա հետևանքները զգալ կտան ոչ ուշ, քան 10-15 տարի հետո։ Ի դեպ, իմ ունեցած տեղեկություններով՝ Կապանի և Գորիսի բնակիչների մի ստվար հատվածը ներկայումս գյուղատնտեսությամբ է զբաղվում հենց հարևան քաշաթաղյան շրջաններում և այդպիսով հոգում սեփական ապրուստը։ Միով բանիվ՝ առանց արտալղիմյան հողերի Սյունիքն ու Արցախը և ընդհանրապես՝ Հայաստանը, զարգացման իրական հնարավորություններից կզրկվեն, ու արդեն ոչ մի նշանակություն չի ունենա, որ Սյունիքը միջազգայնորեն ճանաչված ՀՀ մասն է, իսկ ԼՂ-ն՝ միջազգային երաշխիքներ ունեցող ինչ-որ միավոր (սա էլ՝ խիստ ենթադրաբար)։
v  հոգևոր-բարոյական մոմենտը – դիտմամբ եմ այս գործոնի մասին խոսում վերջում, որովհետև շատ լավ գիտեմ, որ «հանձնվողականները» սիրում են հանրային բանավեճերի ժամանակ ընդդիմախոսներին մեղադրել «հետամնացության», «ազգայնամոլության» և «սենտիմենտալ դատողությունների» մեջ։ Այդուամենայնիվ, այս գործոնը նույնպես նվազ դերակատարում չունի։ Չմոռանանք, որ արտալղիմյան բոլոր հողերը (և դեռևս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող շատ ու շատ հողեր) Հայոց հին պետության՝ Մեծ Հայքի անբաժանելի մասերն են եղել, այնտեղ ցայօր առկա են հայության ու հայկականության կենդանի և անկենդան վկաներ՝ եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր, կամուրջներ, բերդեր և… գերեզմանատներ։ Բացի այդ՝ մեր հողերի ազատագրման համար բազում ազատամարտիկներ են իրենց կյանքը զոհել, բազումք խեղանդամ են դարձել՝ զուրկ ապրուստը հոգալու միջոցներից, շատ երեխաներ են որբացել, շատ կանայք են այրիացել, և այս համապատկերին արդեն առավե՛լ ևս ոչ ոք իրավունք չունի՝ սակարկման առարկա դարձնելու և/կամ հանձնելու այդ հողերը։

ARMCSR – Շնորհակալություն ծավալուն պատասխանի համար։ Ինձ մոտ հընթացս Ձեր պատասխանի մեկ այլ հարց առաջացավ. ի՞նչ կհակադարձեք այն հակափաստարկին, որ Ղարաբաղյան հարցը ծագել է՝ որպես կարգավիճակի հարց և տարածքային բաղադրիչի ներմուծումը կհաստատի Ադրբեջանի այն քարոզչական թեզը, որ իրականում խոսքը ոչ թե Ղարաբաղի հայերի ինքնորոշման մասին է, այլ պարզապես Հայաստանի տարածքային նկրտումների։

Էդգար Էլբակյան – Ինչպես ասում էին ժամանակին՝ «և՛…և՛»։ Այո՛, հարցը ծագեց՝ որպես «միացո՜ւմ»՝ ԼՂԻՄ-ը՝ ՀԽՍՀ-ին, բայց պատմությունը ցույց տվեց, որ առանց բուն աշխարհագրական-հողային միացման քաղաքական միավորում չի կարող լինել, ինչը տրամաբանական է։ Ժամանակին՝ նախքան Քարվաճառի շրջանի ազատագրումը, Լեոնիդ Ազգալդյանը կրկնում էր, որ ծիծաղելի է խոսել ազատ Արցախի մասին՝ առանց Քարվաճառի ազատագրման։ Իսկ իրական հայրենական հողը զոհելը՝ հանուն ինչ-որ «լղոզված» կարգավիճակի՝ հիմարությունների շարքին կարելի է դասել, հատկապես, որ այդ կարգավիճակը լինելու է նահանջ այսօր առկա կարգավիճակից. սա ինքնասպանություն է։

ARMCSR – Երբեմն առանձին ընդդիմախոսներ նշում են, որ այս բոլոր փաստարկները ճիշտ են, բոլորս էլ դա հասկանում ենք, սակայն իրականում չենք կարող պահել այդ հողերը, քանզի չունենք համապատասխան ուժ և ռեսուրս, եթե ունենայինք, կպահեինք։ Ի՞նչ կասեք սրա մասին։

Էդգար Էլբակյան – Հետաքրքիր է, թե ինչ են արել այդ մարդիկ՝ հողերի պահպանության համար… Ինչևէ։ Սովորաբար ռազմավարական պլանավորումն ընթանում է հետևյալ շղթայով՝ ի՞նչ է պետք ունենալ/ձեռք բերել – ի՞նչ անենք, որ ունենանք։ Ի սկզբանե կորստյան է դատապարտված այն ռազմավարությունը, որ սկզբում հարցնում է, թե առկա ռեսուրսներն ինչ նպատակի կբավարարեն և սահմանափակում է թե՛ իրեն, թե՛ իր ունեցած ռեսուրսներն այդ նպատակով։ Ինչպես ասացի, Տիեզերքում կա շարժում՝ կա՛մ առաջ, կա՛մ հետ, այլ տարբերակ՝ դադար, չկա: Իսկ հողերի հանձնում նշանակում է մի մեծ հետընթաց քայլ։ Դրանց հանձնումից հետո սիրելի ընդդիմախոսները կհասկանան, որ արդեն անկարող ենք նաև Սյունիքը պահելու և այդպես շարունակ։ Լուրջ չեմ համարում այս հակափաստարկը։

ARMCSR – Իսկ ի՞նչ եք կարծում՝ ի վերջո ինչ է պետք այդ հողերը պահելու համար։

Էդգար Էլբակյան – Վերջերս Դիմամատյանի իմ էջում առիթ ունեցա անդրադառնալու այդ հարցին և կկրկնեմ, որ  Հայաստանի ցանկացած հատված, այդ թվում՝ նախկին արտալղիմյան հողերը պահելու համար անհրաժեշտ է երեք բաղադրիչ՝ 1. ռազմական,2. տնտեսական, 3. հոգեբանական («տարածքը նախ կրել սեփական հոգում»)։ Ընկերներս տեղին կերպով հավելեցին նաև ժողովրդագրականը, ասել է թե՝ հողում ապրելը, տարածվելը, սփռվելը, պատմական նույնացումներ և հիշողություն կերտելը, և ես, իհարկե, համաձայնեցի: Ըստ որում, խնդրում եմ, ուշադրությո՛ւն դարձրեք, որ խոսքը բոլոր հողերի մասին է, այսինքն՝ սա համընդհանուր բանաձև է, պետք չէ «արխային ընկնել» անգամ Կոտայքի մարզի համար, որ ներքին մարզ է։ 21-րդ դարում դեպքերն ունակ են արագ ու անկանխատեսելի ընթացք ստանալու, և մաքիավելիական «ամբարտակներ» միշտ պարտավոր ենք կառուցել։

ARMCSR – Չեք կարծո՞ւմ, որ 21-րդ դարում երկրի զարգացման հարցում տնտեսական բաղադրիչը շատ կարևոր է, և ԼՂ հարցի չլուծվածությունը, ի հետևանս դրա՝ Հայաստանի մեկուսացումը տարածաշրջանային ծրագրերից, երկրից ռիսկային չափերի հասնող արտագաղթը ստիպում են այդուամենայնիվ վերանայելու ԼՂ հարցի լուծման մեր հայեցակարգը։

Էդգար Էլբակյան – Եթե ի նկատի ունեք՝ վերանայելու «հօգուտ» զիջումների, ապա միանշանակ ո՛չ։ Ո՞վ ասաց, որ ԼՂ հարցում ադրբեջանանպաստ-թյուրքանպաստ զիջումներից հետո Հայաստանը որևէ հետաքրքրություն է ներկայացնելու տարածաշրջանում, և նավթագազային և մալուխային զանազան խողովակներ սկսելու են Հայաստանով «հոսել»։ Դա թյուրքական զույգ պետությունների քարոզչամեքենայի հորինվածքն է, որին հավատալու համար առնվազն պետք է քաղաքականապես մանկամիտ լինել։ Ընդհակառակը, Արցախը կորցնելուց հետո, ինչպես արդեն ասել եմ, ավելի օրհասական է դառնալու Հայաստանի գոյավիճակը, և մշուշոտ՝ հետագա զարգացման հեռանկարները։ Ինչ վերաբերում է արտագաղթի և առհասարակ՝ ժողովրդագրական հիմնախնդրին, ապա այս խնդրի լուծման համար, ըստ սահմանման՝ առաջին հերթին հող է հարկավոր։ Բացի այդ՝ հարկավոր է ազգի գիտակցության աստիճանը բարձրացնել, տարածել հոգևոր-բարոյական արժեքներ՝ ի հակազդեցություն մոլեգնող նյութապաշտության, և, իհարկե, զարգացնել կրթական և առողջապահական հանրակարգերը, առողջացնել և օլիգարխազրկել (երկարաժամկետ հեռանկարում) տնտեսական համակարգը և շուկան։ Արտագաղթը Ղարաբաղի հետ կապելը նույնպես ադրբեջանա-թուրքական քարոզչամեքենայի հաջող գործիքն է, որ մի պարզ փորձ է՝ սեպ խրելու հայ ազգի տարբեր հատվածների մեջ՝ առաջացնելով շահերի արհեստածին բախում, որը մեզ պիտի մղի Արցախը հանձնելուն։

ARMCSR – Խոսեցիք ժողովրդագրական գործոնի մասին, և այդ համաշարում ի՞նչ կարծիք կհայտնեք Արցախում վերաբնակեցման գործընթացի մասին։

Էդգար Էլբակյան – Թեպետ խորությամբ չեմ ուսումնասիրել գործընթացը, այնուամենայնիվ կարծիքս հետևյալն է։ Պատերազմի ընթացքում և հետո կարծեք թե՝ գործեց ազգի ինքնապահպանման բնազդը կամ առողջ պետական բանականությունը, ինչպես կուզեք անվանեք, և վերաբնակեցման գործընթացը մեծ թափ առավ, Բերձորն ու Քարվաճառը, նաև Կովսականն այսօր կենդանացած են, բազմաթիվ գյուղեր ու գյուղական համայնքներ ստեղծվեցին, սակայն եկավ մի պահ, և սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ դա 1998-2000 թթ. էին, որ գործընթացը կարծես թե մեռավ, և ներկայումս ցավոք սրտի, նկատվում է նաև հակադարձ գործընթաց՝ ներքին շարժ դեպի Երևան կամ Ստեփանակերտ, ինչպես նաև առհասարակ՝ արտագաղթ արտալղիմյան բնակավայրերից։ Առարկայական և ենթակայական պատճառներով ամայի մնաց (ցավով եմ ասում) Կովսականից արևելք ընկած մերձարաքսյան շրջանը և Ակնան՝ Աղդամը։ Առարկայական պատճառն այն է, որ դրանք հեռու են կենդանի շրջաններից՝ Սյունիքից, Գեղարքունիքից, բայց ամենակարևորը՝ չկա դրանց զարգացման հստակ հայեցակարգ։ Ինչ վերաբերում է ենթակայական գործոնին և վերաբնակեցման ակտիվ փուլի դադարելուն, ապա ըստ իս՝ պատճառը հայաստանյան վերնախավափոխությունը, 1999 թ. ԱԺ դահլիճում տեղի ունեցած ահաբեկչությունը, դրանց հաջորդած խոշոր կապիտալի վերաբաժանումն ու ընդհանուր հասարակական-քաղաքական հարացույցի ու հավասարակշռության փոփոխությունն էին, որ «երկրորդ պլան» մղեցին պետականաշինական գործընթացի այս կարևոր բաղադրիչը, որպիսին էր վերաբնակեցումը։

ARMCSR – Անդրադառնալով վերնախավի հարցին՝ ի՞նչ եք կարծում՝ տրամադիր է արդյոք այսօրվա վերնախավը հողեր զիջելու։

Էդգար Էլբակյան – Վերնախավ ասվածն ինքնին միասեռ հանրակարգ չէ, անգամ եթե այն կերպավորվում է միայն պետական-իշխանական վերնախավով, քանզի վերջինս նույնպես միասեռ չէ. կան տարբեր տնտեսական և «փայային» շահեր ունեցող և տարբեր հավատամքներ դավանող կամ չդավանող անձինք և խմբեր։ Ցավոք, տակավին շատ են «հանձնվողականները», հատկապես՝ այն պետական հաստատություններում, որտեղ դրանք չպետք է լինեին։ Բայց կարծում եմ, որ 1990-ականներից այս կողմ՝ վերնախավի ներսում տրամադրությունները նույնպես փոխվել են, և հանրագումարային առումով այսօր գերակշռում է չհանձնելու ուղեգիծը։

ARMCSR – Ինչո՞ւ։

Էդգար Էլբակյան – Երեք օրինակ բերեմ. Բանակի զարգացման համար կատարվող ներդրումները, Գեղարքունիք-Շահումյան-Մարտակերտ ճանապարհի շինարարությունը համայն հայության միջոցներով և արտալղիմյան հողերի բնակիչների շրջանում մանկածնության պետական խրախուսումը (խոսքս Արցախի կառավարության մասին է)։ Բայց, այնուամենայնիվ, մի շատ կարևոր «բայց» եմ ցանկանում նշել։ Հայաստանի տարածքի անձեռնմխելիությունը և հատկապես արտալղիմյան հողերի պարագան այն հարցերն են, որոնք երբեք և ոչ մի երևակայական կամ անգամ իրական երաշխիքի առկայության պարագայում նույնիսկ չեն հանդուրժում «դինջանալ»։ Հողերը պահվում են վերը բերածս բանաձևով, այսինքն՝ տեսության մեջ ո՛չ առանձին վերցրած մանկածնության խթանումը, ո՛չ առանձին վերցրած բանակաշինությունը, ո՛չ առանձին վերցրած ենթակառուցվածքների զարգացումը չեն կարող արդյունավետ երաշխիք լինել հողերը պահելու համար, այլ միայն դրանց միաձուլումը՝ համեմված ազգային-հոգեբանական ճիշտ ընկալումներով։

ARMCSR – Ընկալումների մակարդակում ի՞նչ դիրքերում ենք՝ համեմատած հակառակորդի հետ։

Էդգար Էլբակյան – Որպես այդպիսին՝ դա դժվար է չափել և հստակ պատասխան տալ։ Սակայն որոշ փաստեր կարող եմ վկայակոչել։ Ցավոք, այսօր մեր բնակչության, այդ թվում՝ երիտասարդության մեծ մասը չի տարբերում «ԼՂԻՄ», «գրավյալ տարածքներ», «Ղարաբաղ», «ճիշտ քարտեզ-սխալ քարտեզ» և նման այլ տարրական հասկացությունները, շատերը նույնիսկ քարտեզի վրա չգիտեն արտալղիմյան հողերի տեղերը և անունները։ Առանձնապես մտահոգիչ է Կովսականից արևելք՝ Մեխակավանի, Վարանդայի և Ակնայի ընկալումների հարցը, քանզի այնտեղ հայ կյանքի բացակայության պատճառով (ռազմական ներկայությունը՝ հանած)՝ մարդիկ գրեթե չեն ընկալում այդ հողերը՝ որպես հայրենիք, անգամ՝ Արցախում։ Ի դեպ, նաև Արցախում քիչ չեն դեռ «Ֆիզուլին և Զենգիլանը՝ Շահումյանի դիմաց» անհնար և անիմաստ փոխանակումը երազողները։ Ինչ վերաբերում է ադրբեջանցիներին, ապա վերջիններս մասամբ արհեստական, մասամբ բնական եղանակով պահում են իրենց հիշողությունը կորցրած տարածքների հանդեպ, երգեր են ձոնում Շուշային, Ջեբրայըլին, Գուբադլըին, Աղդամին, զուտ քանակապես ավելի շատ դիմամատենային ու «վկոնտակտային» խմբեր ունեն՝ այդ շրջաններին նվիրված, քան մենք։ Միով բանիվ՝ ցավով պետք է արձանագրենք, որ ադրբեջանական բնակչության, առավելապես՝ թյուրքալեզու հատվածի մի գերակշիռ մասի մոտ կա սերտ կապ՝ պատմական հիշողության մակարդակով, նշված տարածքների հետ։ Ի վերջո, չմոռանանք, որ արտալղիմյան բոլոր հողերի վրա ապրում էին հիմնականում հենց ադրբեջանցիներ, ինչպես ասացի, և, ցավոք, Ջեբրայըլը նրանց համար ավելի հարազատ է, քան Մեխակավանը՝ մեզ համար։ Լուծումը մեկն է՝ պետք է ապրել և տարածվել այդ հողերում։

ARMCSR – Դուք մասնագիտությամբ միջազգայնագետ եք։ Ի՞նչ պարզաբանումներ կներկայացնեք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացի, գերակա սկզբունքների մասին և գործող բանակցային փաստաթղթի մասին։

Էդգար Էլբակյան – Առանց անհարկի պատմական մանրամասներին անդրադառնալու՝ նշեմ, որ 2007թ. մեզ հրամցվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում մշակված չարաբաստիկ «Մադրիդյան դրույթները», որ ենթադրում են (առանց որոշված հերթականության) ԼՂ կարգավիճակի որոշում ազատ կամարտահայտության միջոցով, փախստականների և ՆՏԱ վերադարձ, ԼՂ հարակից շրջաններից հայկական զինուժի հետքաշում և դրանց անցումը Ադրբեջանի իրավասության տակ, Լաչինի հանդեպ հայկական իրավասության պահպանում՝ որպես ցամաքային կապի անվտանգ երաշխիք, միջանկյալ կարգավիճակ ԼՂ-ին և անվտանգության միջազգային երաշխիքների տրամադրում։ Կասկածից վեր է, որ սույն փաստաթուղթը որևէ կապ չունի Հայաստանի և հայ ազգի կենսական շահերի հետ։ Միայն այս կետերի գործադրման հերթականության հարցն է, որ ֆորմալ առումով վիճելի է մնում կողմերի միջև, և համաձայնություն չի կայանում։ Իրականում թե՛ համանախագահող երկրներին, թե՛ Հայաստանին և Ադրբեջանին ստատուս-քվոյի փոփոխությունը գոնե այս պահին ձեռնտու չէ։

ARMCSR – Իսկ փախստականների վերադարձի՞ հարցը։

Էդգար Էլբակյան – Չեմ կարծում, որ իրերի գոյություն ունեցող դրության պահպանման պարագայում երկուստեք որևէ անձ ցանկանա վերադառնալ հին բնակության վայրը՝ լինի դա Բաքուն կամ Կիրովաբադ-Գյանջան, թե Խոջալու-Իվանյանը կամ Մոլլու-Քաշունիքը։ Այնուամենայնիվ, առանձին սակավաթիվ «էնտուզիաստների» համար կարելի  է ճանապարհ բանալ։
Ի դեպ, ես կարծում եմ, որ այս տարիների ընթացքում և նաև հիմա, քանի դեռ հարցը լուծման որևէ հանգրվանի չի հասել, հայկական կողմը կարող է ընտրողաբար մի քանի փախստական ադրբեջանցի ընտրել, ցանկալի է՝ Ադրբեջանից դուրս և միայնակ ապրող, և վերադարձնել Հայաստան (պարտադիր չէ Սյունիք կամ Արցախ), և օգտագործել դա քարոզչական նպատակներով։
Իսկ փախստականների հարցի ամբողջական լուծման տարբերակը նույնպես մեկն է. ինչպես արդեն ասել եմ՝ բազմանալ և յուրացնել մեր հողերը և հակառակորդին ու «միջազգային հանրություն» կոչվածին կանգնեցնել կատարված փաստի առաջ՝ «կներեք, տեղ չունենք»։ Սա պատմությամբ ապացուցված ամենաարդյունավետ միջոցն է, որը ներկայումս կիրարկում է նաև Իսրայելի Պետությունը։

ARMCSR – Ի՞նչ կասեք ընթերցողներին՝ որպես ամփոփում։

Էդգար Էլբակյան – Ամեն խնդիր ունի սեփական ոլորտային լուծումը, որոնցից ամեն մեկի կարգավորումն առանձին-առանձին կբերի համակարգային ընդհանուր բարեկարգման։ Ես հավատում եմ, որ Հայաստանի ներուժը ճիշտ կառավարման դեպքում կբավի բոլոր խնդիրների լուծման համար. միայն թե հարկավոր է գերագույն մարդկային և քաղաքական կամք։ Հողերի հետ կապված՝ համփոփումն վերոբերյալին՝ կասեմ, որ Հայաստան պետությունը կոչված է ապահովելու Հայաստանի ժողովրդի ազատ գոյությունն ու զարգացումը, և հողերի զիջումը, կարծում եմ՝ հասկանալի է, կապ չունի այս սուրբ նպատակի հետ։

 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք Հեռ.` + 37410 55 42 82

Էլ-փոստ` info@karabakhcenter.com
© ԵՊՀ