Ղուլյան Աշոտ

 

 

Ղուլյան Աշոտ Հմայակի, «Բեկոր» [6.10.1959, Բաքու – 24.8.1992, գ. Դրմբոն (ԼՂՀ Մարտակերտի շրջան)], Ղարաբաղյան շարժման գործիչ, զինագործ: Արցախի հերոս (1999): Շարժման սկզբին ընկերների աջակցությամբ պատրաստել է ինքնաշեն նռնակ, նռնականետ, 16 գծանի հրացան, մասնակցել պարտիզանական գործողությունների: Աչքի է ընկել 1991-ին Բաքվից Քելբաջար ուղարկվող ռազմական օգնության շարասյան ոչնչացման ժամանակ: 1991-ց 1-ին վաշտի հրամանատար: Մասնակցել է Ասկերանի, Հադրութի, Շահումյանի, Մալիբեկլուի, Խոջալուի, Կրկժանի, Լեսնոյի, Քարինտակի, Լաչինի, Մարտակերտ-Սրխավենդ, Բաշ-Գյունեփայա, Օրթա-Գյունեփայա և այլ բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Ղ. հատկապես աչքի է ընկել1992-ին` Շուշիի ազատագրման ժամանակ: Մայիսի 7-ի գիշերը նրա վաշտն աննկատ մոտեցել է բանտի մատույցներին և լուսադեմին առաջինը մտել Շուշի: Ղ. 11 անգամ վիրավորվել է, մարմնում ունեցել մեկ տասնյակից ավելի բեկորներ (այստեղից էլ` «Բեկոր» մականունը):

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ»1-ն աստիճանի, «Ոսկե արծիվ» շքանշաններով: Ղ-ի անունով է կոչվել Կենտրոնական պաշտպանական շրջանի առաջին մոտոհրաձգային գումարտակը, Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցը: Ստեփանակերտում տեղադրված է նրա հուշարձանը:

Աշոտ Ղուլյանը թաղված է Ստեփանակերտում:

 

Տպել
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք Հեռ.` + 37410 55 42 82

Էլ-փոստ` info@karabakhcenter.com
© ԵՊՀ