Վազգեն Սարգսյան (1959 -1999 թթ.)

  Քաղաքական, պետական, ռազմական գործիչ, գրող,Ղարաբաղյան պատերազմի առաջնորդներից, ՀՀ բանակի հիմնադիրներից, Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս

Սարգսյան Վազգեն Զավենի [5.3.1959, գ. Արարատ (այժմ` ՀՀ Արարատի մարզում) - 27.10.1999, Երևան], գրող, քաղաքական, պետական, ռազմական գործիչ, Ղարաբաղյան պատերազմի առաջնորդներից: ՀՀ բանակի հիմնադիրներից: Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս: Հայաստանի գրողների միության անդամ (1985): ՙԵրկրապահ՚ կամավորականների միության հիմնադիր – նախագահ (1993): Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը (1979): 1980-83-ին աշխատել է Արարատի միջնակարգ դպրոցում, 1983-87-ին` Արարատի ցեմենտ-շիֆերի կոմբինատի կոմերիտական կազմակերպության քարտուղար, 1987-90-ին` ՙԳարուն՚ ամսագրի հրապարակախոսության բաժնի վարիչ: 1991-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության առաջին նախարար: 1992-93-ին` ՀՀ նախագահի պաշտպանության հարցերով խորհրդական և սահմանամերձ շրջաններում նախագահի ներկայացուցիչ, 1993-95-ին` ուժային կառույցների համակարգման հարցերով ՀՀ պետական նախարար, 1995-99-ին` վերստին ՀՀ պաշտպանության նախարար:

1999-ին ՀՀ խորհրդարանական ընտրություններում նշանակվել է ՀՀ վարչապետ:

Ս. ձևավորվել է որպես ռազմական և պետական գործիչ Ղարաբաղյան շարժման ընթացքում: 1989-ի վերջին և 1990-ի սկզբին Արարատի շրջանում կազմավորել է առաջին կամավորական ջոկատները և մասկանցել Երասխի ինքնապաշտպանությանը: 1990-94-ին անգնահատելի էր Ս-ի դերը ՀՀ սահմանամերձ շրջանների ու ԼՂՀ ինքապաշտպանական ու ազատագրական մարտերի կազմակերպման և ղեկավարման գործում: 1992-ի օգոստոսի 15-ին հեռուստակոչով զիվորագրելով երկրապահների առավել փորձառու մի խմբի` ԼՂՀ Մարտակերտի շրջանում կարողացել է դիմագրավել ու կասեցնել հակառակորդի առաջխաղացումը:

Մեծ ավանդ ունի ՀՀ բանակաշինության գործում:

Ս. հանդես է եկել ՀՀ և բարեկամ երկրների ԶՈՒ-ի հետ դաշնակցային ու գործընկերային հարաբերություններ, ՌԴ-ի հետ` ռազմական համագործակցություն հաստատելու դիրքերից:

Լույս է տեսել Ս-ի ՙՀացի փորձություն՚ (Ե., 1987) վիպակի, պատմվածքների, էսսեների ժողովածուն: Վիպակում արժևորել է անահատի դերը, նրա պատասխանատվությունը հայրենիքի ճակատագրի նկատմամբ: Հրապարակախոսական հոդվածներում կարևորել է պետական անկախության, պետականաշինության, երկրի պաշտպանունակության բարձրացման և հզորազման խնդիրները:

ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր և ԳԽ պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ (1990-92):

Զոհվել է ՀՀ ԱԺ դահլիճում հոկտեմբերի 27-ին կատարված ոճրագործության ժամանակ:

Պարգևատրվել է ՀՀ ՙՀայրենիք՚ և ԼՂՀ ՙՈսկե արծիվ՚ շքանշաններով:

Ս-ի անունով են կոչվել ՊՆ ռազմական ինստիտուտը, Երևանի հանրապետական մարզադաշտը, մարզամշակութային կենտրոններ, փողոցներ` Երևանում, ԼՂՀ-ում և այլուր:

2003-ից Արարատում գործում է ՙՍպարապետ Վազգեն Սարգսյան՚ տուն-թանգարանը:

Թաղված է Եռաբլուրում:

Տպել
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք Հեռ.` + 37410 55 42 82

Էլ-փոստ` info@karabakhcenter.com
© ԵՊՀ