Մեղրյան Շահեն

  Մեղրյան Շահեն Զինավորի [2.1.1952, գ. Գյուլիստան (ԼՂՀ Շահումյանի շրջան) – 17.4.1993, գ. Գյուլիստան (ԼՂՀ Շահումյանի շրջան)], Ղարաբաղյան ազատագրական շարժման գործիչ, Շահումյանի ինքնապաշտպանության ուժերի հրամանատար, հայդուկապետ: Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1975) : 1981-88-ին` Շահումյանի պահածոների գործարանի տնօրեն, 1988-91-ին` Շահումյանի շրջանի ագրոարդյունաբերության վարչության պետ, 1991-92-ին` շրջգործկոմի նախագահ և կուսշրջկոմի առաջին քարտուղար: Ղարաբաղյան պատերազմի սկզբին Մեղրյանը կազմակերպել է կամավորական մարտական ջոկատներ և շրջանի ինքնապաշտպանությունը: Մեղրյանի ստեղծած ինքնապաշտօանության ջոկատը 1990-ի հունվարին Մանաշիդ գյուղում ընդհարվել է գյուղի բնակչությանը տեղահանող ադրբեջանական ուժերի հետ և հետ շպրտել հակառակորդին գյուղի սահմաններից: 1991-ին Մեղրյանի ղեկավարությամբ ազատագրվել են ՙՕղակ՚ գործողության ժամանակ զավթված Էրքեջ, Բուզլուխ և Մանաշիդ գյուղերը: Այս ռազմական գործողությունն առաջինն էր Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, երբ կամավոր ազատամարտիկներն իրենց ուժերով ազատագրել են զավթված տարածքներ: 1992 հունիսի 13-ին, Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի բնակչության բռնի տեղահանումից հետո, Մեղրյանը Հաթերք գյուղում կազմակերպել է պարտիզանական ջոկատ և ԼՂՀ հյուսիսում մասնակցել Մարտակերտի շրջանի գյուղերի (Հաթերք, Ականաբերդ, Մադաղիս, Տոնաշեն, Դաստագիր), Գյուլիստանի ազատագրական մարտերին, Սարսանգի հիդրոհանգույցի ռազմական գործողությանը` պարտության մատնելով ադրբեջանական բանակի Գերանբոյի գնդին:

  Շահեն Մեղրյանի անունն է կրում ՊՆ մեկ զորամաս: 1997-ից գործում է ՙՇահեն Մեղրյան՚ բարեգործական հիմնադրամը: Հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ ՙՄարտական խաչ՚ 1-ին աստիճանի, Հայ առաքելական եկեղեցու ՙՍուրբ Գրիգոր՚ շքանշաններով:

  Զոհվել է ուղղաթիռի վթարից: Թաղված է Եռաբլուրում, որտեղ կանգնեցված է նրա հիշատակը հավերժացնող հուշարձան:

Տպել
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք Հեռ.` + 37410 55 42 82

Էլ-փոստ` info@karabakhcenter.com
© ԵՊՀ