Երաժշտություն

   Յուրաքանչյուր ազգ ունի իր սեփական ազգային երաժշտությունը, հեղինակային և ժողովրդական իր երգերը: Ղարաբաղյան երգերը չես շփոթի մեկ այլ երգի հետ: Լսողների մոտ նրանք առաջացնում են վառ էմոցիոնալ արձագանք և համարվում են Ղարաբաղցիների կյանքի անքակտելի մասը: Այս երգերը դժվար պահերին օգնում են ժողովրդին, ուրախացնում են տոների ժամանակ, և կապում են մեկ միասնական կամքով: Այս շրջանի երաժշտական մշակույթին ծանոթանալով` զբոսաշրջիկները կզարմանան, թե որքան հարուստ և բազմակերպ է այն: «Նախշուն բաջի», «14», «Դերունց ձոր», «Թմբլաչի Խաչեն», «Հորովել»: Այս երգերը երգվում են սերնդեսերունդ և փոխանցում են արցախյան ժողովրդի ինքնատիպությունը: Ամբողջապես այդ ինքնատիպությանը հասնում են նաև օրիգինալ հայկական երաժշտական գործիքների (զուռնա, քամանչա, թառ, դուդուկ և այլն) հնչեղության շնորհիվ, որոնք պահպանվել են հին ժամանակներից: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի համակարգը ներառում է պետական դրամատիկական թատրոնը, պետական երգչախմբերը, գրադարանները, մշակույթի տները, երիտասարդական պալատները, ակումբները, թանգարանները, պատկերասրահները, երաժշտական դպրոցները, երաժշտական ուսումնարանը, արվեստի դպրոցը և պատմաճարտարապետական հուշարձանները: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործում են գրողների միություն, ժուռնալիստների միություն, նկարիչների միություն, որոնց գործերը ցուցադրվում են հանրապետությունում և արտասահմանյան երկրներում: Միության անդամների մեջ կան ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև նրա սահմաններից դուրս հանրաճանաչ գրողներ, լրագրողներ, նկարիչներ: Պետական էստրադային երգչախումբը ` «Ղարաբաղը», ստեղծվել է 1997 թվականի մարտին: Նրա երգացանկում կան հայ և արտասահմանյան կոմպոզիտորների երգեր:

   Կամերային երգչախումբը` «Վարարակնը», որն ստեղծվել է 1990 թվականին, Արցախի առաջին պրոֆեսիոնալ երգչախումբն է : 1998 թվականին այն ստացավ պետական կարգավիճակ: 1992 թվականին ստեղծված «Արցախի բալիկներ» երգչախումբը համերգային ծրագրերով ելույթ է ունեցել Հայաստանի Հանրապետությունում և մի շարք արտասահմանյան երկրներում` Հոլանդիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Հունաստանում: 1995 թվականին բելգիական «Ամադեուս» կազմակերպության նախաձեռնությամբ Ստեփանակերտում անցկացված երգի փառատոնում, որը դարձել է ավանդույթ և կազմակերպվում է ամեն տարի, երգչախումբն ստացավ յոթ ոսկե մեդալ և Գրան Պրի: 1997 թվականին երգչախումբն ստացավ պետական կարգավիճակ: Լեռնային Ղարաբաղի Պետական ազգային երգչախումբը` «Մենք ենք, մեր սարերը», ևս ունի հետաքրքիր ծրագիր: Երգացանկը հիմնականում ղարաբաղյան ազգային է, ինչպես նաև ներառված են հայկական տարբեր մարզերի հայրենասիրական, ֆիդայական և ազգային երգեր:   

   Արցախի կամերային նվագախումբն ստեղծվել է 2004 թվականին: Նվագախմբում նվագում են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի դասախոսներ, շրջանավարտներ և ուսանողներ:     

 

 

Տպել
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք Հեռ.` + 37410 55 42 82

Էլ-փոստ` info@karabakhcenter.com
© ԵՊՀ