Մշակույթ >> Ճարտարապետություն

 Ճարտարապետություն       

Հազարամյակների ընթացքում Ղարաբաղում ձևավորվել է ճարտարապետություն իր գեղարվեստական և պատմական արժեքներով: Արցախի ավանդական ճարտարապետությունը եկեղեցական ճարտարապետությունն է` եկեղեցիների, վանքերի, մենաստանների և այլնի: Այստեղ ոչ մեծ տարածության վրա կենտրոնացված են նախորդ դարերի կրոնական և մշակութային մեծ թվով հուշարձաններ: Արցախում հայկական մշակութային հուշարձանների թիվը գերազանցում է չորս հազարը: Երկրի պատմաճարտարապետական հուշարձանների մեծ մասը գտնվում է գյուղական շրջաններում: 

Այսօր կարելի է հիանալ հայկական ճարտարապետության հրաշալի գլուխգործոցներով, որոնք իրենց մեծածավալությամբ և ձևավորման հմայիչ լուծումներով իրենց մեջ են կենտրոնացնում ստեղծագործ ժողովրդի ամբողջ բազմադարյան արարչությունը. հայկական ճարտարապետության մարգարիտը` Գանձասարի վանքը, V-VI դարերի հրաշալի վանական համալիր Դադիվանքն իր տասը կառույցներով, Ամարասը, Վաչագան Բարեպաշտի վանքը և քրիստոնեական պատմության և Ղարաբաղի մշակույթի շատ ուրիշ հուշարձաններ:

 

Լեռնային Ղարաբաղում պահպանվել են ոչ միայն քրիստոնեական, այլև իսլամական ճարտարապետության հուշարձաններ: Այսպես, մինչև մեր օրերը պահպանվել են 19-դարավերջի 6 մզկիթներ, որոնցից երեքը Շուշիում, և մեկական` Աղդամում, Հորադիզում և Ֆիզուլիում: Բացի այդ պահպանվել են մուսուլմանական գերեզմանատներ և դամբարաններ: Բայց չմոռանանք նշել, որ 405-406  թթ.-ին հայ ազգի հանճարեղ որդին`Մեսրոպ Մաշտոցը, զարմանալի նրբությամբ որոշելով հայոց լեզվի ձայնային համակարգը, ստեղծեց հայկական այբուբենը, որը համապատասխան էր այդ ժամանակաշրջանի լեզվին և չէր պահանջում լուրջ ուղղումներ նույնիսկ իր ստեղծումից 16 դար անց: Գրերի գյուտի շնորհիվ բացվեցին դպրոցներ մայրենի լեզվով, որտեղ առաջին ուսուցիչը հենց Մեսրոպ Մաշտոցն էր: Առաջին հայկական դպրոցներից մեկը նա հիմնադրեց Ամարասում և հայկական գրերի ուսուցումն սկսեց այստեղից: 

Աշխարհում բազմադարյան պատմություն ունեցող քիչ քաղաքներ կան, որ կարող են հպարտանալ փողոցների մաքրությամբ և գեղեցկությամբ: Ստեփանակերտը կարող է: Սա փոքրիկ, մաքուր և կանաչ քաղաք է, որի գեղեցկությամբ հիանում է յուրաքանչյուր այցելու: Չե՞ որ մաքուր է ոչ այնտեղ, որտեղ մաքրում են, այլ այնտեղ, որտեղ չեն աղտոտում: Եվ Ստեփանակերտի բնակչության հենց այս որակը շատ բան է ասում նրա մշակույթի, հյուրընկալության, կենցաղի, զբոսաշրջիկների և հենց իրենց հանդեպ հարգանքի մասին:

Փողոցներով անցնելիս կարելի է նկատել բազմաթիվ հուշարձաններ` ստեղծված երկրի ժամանակակից վարպետների կողմից: Ռոբերտ Պետրոսյանի քանդակը` «Ղարաբաղցի այան», կերպավորում է ղարաբաղցի տատիկին` իշխանություն ունեցող կնոջը, ընտանեկան օջախի և հին ավանդույթների պահապանին: Այն գտնվում է քաղաքի կենտրոնում` «Պյատաչյոկ» անունով վայրում և շրջապատված է փոքրիկ ծառերով: «Կանաչ զբոսայգում» (ժողովուրդը կոչում է «Վերին զբոսայգի») բարձր պատվանդանին վեր է խոյանում հպարտ արծիվը` ազատության, իշխանության, անմահության, հեռատեսության և ուժի խորհրդանիշը: Հետաքրքիր աշխատանք է «Երեք ակունք» աղբյուր-քանդակը, որը գտնվում է Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի կողքին: Նկարիչը փոխանցում է հոգու երեք վիճակ` ուրախություն, մտահոգություն և տխրություն: Աղբյուրի ջուրը պարզ է և ունի հիանալի համ:

Արցախի դեկորատիվ և կիրառական արվեստը մեծ զարգացում է ունեցել հայկական մշակույթում: Դրա օրինակները` պատրաստված տեղի բնական մետաքսից `գորգեր, գոբելեններ, ոսկյա և արծաթյա զարդեր, այդ թվում հնում պատրաստվածները, բազմիցս ցուցադրվել և բարձր են գնահատվել Մոսկվայում, Ֆիլադելֆիայում և Փարիզում տեղի ունեցած միջազգային ցուցահանդեսներում և տոնավաճառներում: Ստեփանակերտում կան հուշանվերների խանութներ` «Նռենի», «Վերնիսաժ» և «Դղյակ»: Այստեղ ներկայացված է նվերների և հուշանվերների բացառիկ տեսականի: Այստեղ դուք կարող եք ձեռք բերել փայտի վարպետի աշխատանքներ, հուշանվեր գորգեր` Արցախի խորհրդանիշերով, ազգային ոճով զարդեր, խեցեղեն և այլ իրեր

Տպել
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք Հեռ.` + 37410 55 42 82

Էլ-փոստ` info@karabakhcenter.com
© ԵՊՀ