Ամարասի վանական համալիրը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանում: Վանքը հիմնել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին (ըստ հայ պատմիչ Փավստոս Բուզանդի), իսկ նրա կառուցումը նաև կապված է Արցախի թեմի առաջին եպիսկոպոս Գրիգոր Լուսավորչի թոռ Գրիգորիսի անվան հետ, ով էլ թաղված է եկեղեցու արևելյան կողմում: Նրա շիրիմի վրա կառուցվել է ներգետնյա դամբարան: Հայկական գրերի հեղինակ Մեսրոպ Մաշտոցը 5-րդ դարում Ամարասի վանքում հիմնում է Արցախի 1-ին դպրոցը: Միաժամանակ եկեղեցուն կից կառուցվում են 36 բազմաբնույթ շենքեր:

Ամարասի վանքի մասին վկայություններ են թողել բազմաթիվ հայ պատմիչներ` Մովսես Կաղանկատվացի, Ստեփանոս Օրբելյան և այլք:
Վանական համալիրը տարբեր ժամանակահատվածներում օգտագործվել է տարբեր նպատակներով` ծառայել է որպես ամրոց, մաքսատուն, ապա նաև 19-րդ դարում վերականգնվել է և 1992-ից կրկին ծառայում է որպես եկեղեցի: Այն հանդիսանում է Արցախի հայկական ճարտարապետական վաղ շրջանի կոթողներից մեկը:
Տպել
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք Հեռ.` + 37410 55 42 82

Էլ-փոստ` info@karabakhcenter.com
© ԵՊՀ